Նորություններ
Գլխավոր » 2017 Ապրիլ 5 » Եղբայրների թշնամությունը. Adidas և Puma ընկերությունների պատմությունը19:07 Եղբայրների թշնամությունը. Adidas և Puma ընկերությունների պատմությունը | |
Ընտանեկան գաղտնիքներ, եղբայրական մրցակցություն, հակամարտող տոհմեր, մարդկային ողբերգություն համաշխարհային պատմական իրադարձությունների ֆոնին... Կարծում եք, թե սա որևէ ֆիլմի կամ գրքի նկարագրություն է: Ոչ, այս ամենը տեղի է ունեցել իրական կյանքում, այսպես է դասավորվել մեզ քաջ ծանոթ երկու սպորտային բրենդների պատմությունը՝ ADIDAS և PUMA:
Սկսենք, թերևս, երկու ընկերությունների անունների վերծանումից: Քչերը գիտեն, որ մեզ համար սովորական բրենդների անունների հետևում երկու հարազատ եղբայրների անուններն են՝ Ադոլֆ (Adolf) և Ռուդոլֆ(Rudolf) Դասսլերների(Dassler): Adidas-ը Ադոլֆ Դասսլերի անվան կրճատումից է առաջացել, իսկ Puma-ն հետագայում ձևափոխված Rudidas-ն է (կամ Ruda-ն)՝ Ռուդոլֆ Դասսլերի անունից:
Ի սկզբանե, եղբայրները միասին էին աշխատում՝ ստեղծելով միասնական հզոր ֆաբրիկա Գերմանիայում՝Gebrüder Dassler Schuhfabrik («Դասսլեր եղբայրների կոշիկի գործարան»): Քանի որ Ադի Դասլերը սպորտի մոլի երկրպագու էր և բավական հաջող ֆուտբոլիստ, նա սկսեց մեծ ոգևորությամբ ստեղծել սպորտային խաղակոշիկներ, շուտով նրան միացավ նաև եղբայրը, այնուհետ՝ ամբողջ ընտանիքը: Դասսլերների համար սա դարձավ ընտանեկան մեծ բիզնես: Դասսլեր եղբայրները հիանալի էին ղեկավարում ընկերությունը, Ռուդին զբաղվում էր արտադրության ծավալների մեծացմամբ և նոր միջոցների ներգրավմամբ, իսկ Ադին հրաշալի ինժեներ էր՝ նորարար և ստեղծագործ մտքով: Հենց նրան են պատկանում ընկերության լավագույն կոնցեպտները:
33-ական թվականները շրջադարձային են դառնում Դասսլեր եղբայրների, ինչպես նաև ողջ Գերմանիայի, հետագայում նաև ամբողջ աշխարհի համար... Իշխանության է գալիս Ադոլֆ Հիտլերը: Դասսլեր եղբայները միաձայն ընդունում են նոր առաջնորդին՝ հավատալով նացիստական Գերմանիայի պայծառ ապագային, և համալրում են նրա կուսակցության շարքրեը: Սակայն, շուտով եղբայրները ստիպված են լինում մասնակցել նոր սկսվող համաշխարհային պատերազմին: Ադին շուտով վերադառնում է աշխատանքի, սակայն գործարանն արդեն արտադրում էր ոչ թե սպորտային կոշիկներ, այլ ռազմական: Ռուդոլֆը շարունակում էր իր ծառայությունը բանակում: Պատերազմից հետո, ինչպես հավաստիացնում են աղբյուրները, Ադոլֆ Դասսլերի անունից նամակներ են հասնում կառավարությանը և ամերիկյան շտաբին իր եղբոր դեմ: Դրանից հետո սկսվում են պատասխան մեղադրանքները և երկար քաշքշուքներ ընտանեկան հարաբերությունների շուրջ: Դատավարությունից հետո Ռուդոլֆը որոշ ժամանակ անց է կացնում ամերիկյան ճամբարում, սակայն շուտով վերադառնում է ընկերության ղեկին:
Պատերազմը ջրի երես հանեց բոլոր տարաձայությունները, որոնք կուտակվել էին եղբայրների և նրանց ընտանիքների միջև, և 1948 թվականին ընտանեկան ընկերությունը դադարեցրեց իր գոյությունը, այդ պահից սկսած եղբայրներից յուրաքանչյուրը պետք է իր բիզնեսն ինքնուրույն վարեր: Ստեղծվում են երկու մրցակից ընկերություններ՝ Addas (այժմ Adidas) և Ruda (այժմ Puma):
Հետաքրքիրն այն է, որ եղբայրներից և ոչ մեկը չցանկացավ լքել հարազատ քաղաքը (Herzogenaurach) և սկսել իր գործը զրոյից: Ընկերությունը ֆիզիկապես բաժանվեց երկու մասի և ընկերության հետ մեկտեղ երկու մասի բաժանվեց նաև ողջ քաղաքը: Բաժանման գիծ դարձավ մի գետակ՝ մի ափին սկսեց զարգանալ Ադիդասը, որ մինչ այսօր էլ գործում է, իսկ մյուս ափին՝ Պուման: Մի ափին ապրում են Ադիդասի աշխատողները, մյուս ափին՝ Պումայի: Քաղաքի բնակիչների միջև թշնամությունը երբեք չի դադարել, ինչպես նույն քաղաքի երկու ֆուտբոլային ակումբների երկրպագուների միջև թշնամությունը, որ փոխանցվում է սերնդե սերունդ:
Բրենդների պայքարը չի սահմանափակվում միայն մեկ քաղաքի սահմաններով և շուտով պայքարի դաշտ են դառնում խոշոր սպորտային արենաները, ինչպիսիք են Օլիմպիական խաղերը և ՖԻՖԱ-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Պայքարի մեջ սկսվում են օգտագործել աստղաբաշխական գումարներ և, երբեմն, նաև ոչ արդար մեթոդներ: Մրցակցությունն ավելի դաժան էր դառնում, ընկերություններն ավելի հաճախ էին սկսում իրար մեղադրել գաղափարների և դիզայնի գողության մեջ: Իսկ իսկական պատերազմը ծավալվեց ֆուտբոլի լեգենդներից մեկի հետ հնարավոր համագործակցության շուրջ՝ Պելեի: Ընկերությունները հատուկ համաձայնություն էին կնքել, որ կոչվում էր Պակտ Պելե, ըստ որի ընկերություններից ոչ մեկն իրավունք չուներ հրավիրել Պելեին: Նրանք պայմանավորվել էին, որ անընդհատ բարձրացնելով առաջարկվող գումարը, կարող են դուրս գալ խելամտության սահմաններից և սննկացնել ընկերություններից մեկը: Սակայն պակտը չպահպանվեց, Adidas-ը, ի վերջո, վճարեց Պելեին իր ապրանքների գովազդի համար՝ խախտելով համաձայնությունը: Այս քայլը ավելի խորացրեց ընկերությունների թշնամանքը, որին արդեն մասնակցում էին հիմնադիրների որդիները՝ Արմին և Հորստ Դասսլերները: Այս քայլը, ինչպես և կանխատեսվում էր, միանգամից բարձրացրեց սպորտային աշխարհում գովազդային ծառայությունների գները:
Ադոլֆ և Ռուդոլֆ Դասսլերները միմյանց հետ չշփվեցին մինչ եղբայրներից մեկի մահը: Թեև, նրանց հարազատների հավաստմամբ, երկուսն էլ պատրաստ էին հաշտվելու, սակայն առաջին քայլը այդպես էլ չարվեց: Ռուդոլֆ Դասսլերը մահացավ 1974 թվականին, 4 տարի անց մահացավ նաև նրա եղբայրը:
Երկար տարիներ ընկերությունները ղեկավարում էին նրանց ընտանիքները և թշնամությունը շարունակվում էր: Այսօր, սակայն, երկու ընկերություններն էլ դարձել են բաժնետրիական և չեն պատկանում Դասսլերներին, իսկ մրցակցությունը անձնականից վերածվել է միայն բիզնես մրցակցության: Իսկ գնորդները, ընտրելով Ադիդաս, Պումա կամ Նայք, հաճախ չգիտեն, կամ չեն ցանկանում իմանալ, նրանց ստեղծման լեգենդներն ու իրական պատմությունները:
Որքան էլ դրամատիկ է եղբայրների այս թշնամությունը, սակայն կարելի է պատկերացնել, որ եթե չլիներ այդ թշնամությունը, ապա մենք այսօր, հավանաբար, չէինք ունեն այնպիսի հսկա սպորտային բրենդներ, ինչպիսիք Ադիդասն ու Պուման են: Կլիներ որակյալ սպորտային կոշիկներ արտադրող Դասսլեր եղբայրների համեստ ֆաբրիկան:
| |
Դիտումներ: 4245 |
|
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |